Չինաստանն իր զինվորականներին չի ուղարկել Ուկրաինայի մարտական գործողություններին մասնակցելու համար, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ Նա ընդգծել է, որ Չինաստանի իշխանությունները իրենց քաղաքացիներից պահանջում են խուսափել ռազմական հակամարտությունների մեջ ներգրավվելուց։

«Չինաստանի կառավարությունը իր քաղաքացիներին միշտ պահանջել է հեռու մնալ զինված հակամարտությունների գոտիներից, խուսափել ցանկացած ձևով  ներգրավվելուց, մասնավորապես՝ ձեռնպահ մնալ ռազմական գործողություններին որևէ մեկից կողմից մասնակցելուց»,- ըստ РБК-ի՝ հայտարարել է Լին Ցզյանը։

Չինաստանը ավելի վաղ բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության և բանակցություններ սկսելու կոչով։ Չինաստանի արտգործնախարար Վան Ին ընդգծել է, որ Չինաստանը կողմ է երկխոսության և բանակցությունների միջոցով ուկրաինական հակամարտության պատճառների վերացմանը։ Բացի դրանից, Պեկինը պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանին զենք չի մատակարարում Ուկրաինայում ռազմական գործողությունների համար եւ ապագայում էլ չի մատակարարի։