Պետերբուրգի խոշոր ձեռնարկություններից մեկում ամանորյա միջոցառումը ողբերգական ավարտ է ունեցել երկու մասնակիցների համար. մեկը հայտնվել է դիահերձարանում, մյուսը` բանտում:

Ողբերգությունը տեղի է ունեցել «Նեվարոսթ» ընկերության գրասենյակում, որը զբաղվում է մետաղների վարձակալմամբ: Ընկերության աշխատակիցները հավաքվել էին, որպեսզի տոնեին Ամանորի գալուստը, սակայն մասնակից են դարձել արյունալի հաշվեհարդարի:

Մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց հետո ընկերության ղեկավար Իգոր Տիրիշը վիճաբանություն է սկսել կազմակերպության կոմերցիոն տնօրենի` Ալեքսանդր Վաշենկոյի հետ: Լեզվակռիվը վերածվել է կռվի, եւ ավարտվել դաժան ծեծկռտուքով: Ինչպես հաղորդում է  Lifenews.ru-ն, գազազած ղեկավարը ծեծել է ենթակային` հարվածելով ձեռքերով եւ ոտքերով մի քանի տասնյակ գործընկերների աչքի առաջ, ովքեր այդպես էլ չեն համարձակվել խառնվել:

Երբ Վաշենկոն դադարել է դիմադրություն ցույց տալ, Տիրիշն անձամբ է ոստիկանություն եւ շտապօգնություն կանչել: Երբ իրավապահներն ու բժիշկները եկել են, Վաշենկոն արդեն մահացած է եղել:

Նախնական տվյալներով, Վաշենկոն գլխի եւ մարմնի բազմաթիվ վնասվածքներ է ստացել եւ մահացել է հարվածներից: Վիճաբանությունը եղել է փողի պատճառով: