Թուրքիայի խորհրդարանում ներկայացված միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիթաշը հայտարարել է, թե Ներքին գործերի նախարարությունը փաստեր է հավաքում, որպեսզի փակի իրենց կուսակցությունը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  քուրդ կուսակցապետը նշել է, թե իշխանությունները ցրում են քրդական կազմակերպությունները եւ ձերբակալում քուրդ գործիչներին։  Դեմիթաշը պնդել է, թե Ներքին գործերի նախարարությունը հրահանգել է ոստիկանության բաժիներին՝ քրդական կուսակցությունը փակելու համար համապատասխան փաստեր հավաքել եւ տրամադրել դատական մարմիններին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ 2009-ին փակվեց քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցությունը, իսկ նրա ղեկավարությանը 5 տարով արգելեց զբաղվել քաղաքականությամբ։  Հիշյալ կուսակցության անդամները մտան «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության շարքերը։