ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիտ Հեգսեթը։
«Մենք ողջունում ենք այստեղ [ամերիկյան] զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելով Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,- ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, Պենտագոնն այն ուղիղ եթերով հեռարձակել է իր կայքում։ Հեգսեթը չի մանրամասնել, սակայն նշել է Պանամայում «ռոտացիոն համատեղ վարժանքների» մասին։
Միաժամանակ, ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ ներկա վարչակազմը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, ճանաչում է Պանամայի ինքնիշխանությունը Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսների միջեւ գտնվող այդ երկրում ջրանցքի նկատմամբ։ «Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Պանամայի ջրանցքը գտնվում է Պանամայում: Պանամայի ինքնիշխանությունը վատ ազդեցություններից պաշտպանելը կարեւոր է: Երբ նախագահ Թրամփն ասում է, որ մենք հետ ենք վերցնում Պանամայի ջրանցքը Չինաստանից, դա ենթադրում է գործընկերություն Միացյալ Նահանգների եւ Պանամայի միջեւ»,- ասել է Հեգսեթը:
Բացի այդ, նա հաստատել է, որ ԱՄՆ-Պանամա նոր համաձայնագրերի համաձայն՝ ամերիկյան ռազմական եւ մատակարարման նավերը ջրանցքով կանցնեն անվճար եւ առաջնահերթ կարգով։ «Մենք դա անվանում ենք «առաջնահերթ եւ անվճար» եւ դա արտացոլել ենք երեկվա մեր [համատեղ] հայտարարությունում: «Առաջնահերթ եւ անվճար ԱՄՆի եւ Պանամայի ռազմական եւ մատակարարման նավերի համար»,- ընդգծել է նախարարը:




























