Թերթի տվյալներով՝ դա կվերաբերի Աֆղանստանին, Հորդանանին, Եմենին, Իրաքին, Կոնգոյի Հանրապետությանը, Լիբանանին, Մադագասկարին, Մալիին, Նիգերին, Նիգերիային, Սիրիային, Սոմալիին, Չադին եւ Էկվադորին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կրճատել է մի քանի երկրների օգնության ծրագրերը, որտեղ սկզբում խոստացել էր պահպանել աջակցությունը։ Այս մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ հղում կատարելով մարդասիրական կազմակերպությունների պաշտոնյաներին ու աշխատակիցներին տրամադրված ցուցակներին։

Ըստ այդ ցուցակների՝ ԱՄՆ-ը կդադարեցնի ծրագրերի ֆինանսավորումը Աֆղանստանում, Հորդանանում, Եմենում, Իրաքում, Կոնգոյի Հանրապետությունում, Լիբանանում, Մադագասկարում, Մալիում, Նիգերում, Նիգերիայում, Սիրիայում, Սոմալիում, Չադում եւ Էկվադորում։ Ապրիլի 9-ին Reuters գործակալությունը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է, որ Սպիտակ տունն ավելի ուշ որոշել է վերականգնել Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) վճարումները Լիբանանում, Սիրիայում, Սոմալիում, Հորդանանում, Իրաքում եւ Էկվադորում։

ՊՀԾ գնահատմամբ՝ օգնության տրամադրման Վաշինգտոնի մերժումը ամենամեծ ազդեցությունը կունենա Աֆղանստանի վրա, որտեղ մոտ 2 միլիոն մարդ, այդ թվում՝ 400 հազար երեխա, կախված է սննդի մատակարարումից: Տուժելու է նաեւ Եմենի բնակչությունը, որտեղ 2,4 մլն մարդ մարդասիրական ծրագրերով սնունդ է ստանում։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) NYT աղբյուրներն ընդգծել են, որ իրենք հաճախ այլ ծրագրի դադարեցման մասին իմանում են անմիջապես մարդասիրական կազմակերպություններից, որոնք դադարում են ֆինանսավորում ստանալ: