Ավստրալիան փոխզիջման չի գնա ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի հարցում եւ չի հրաժարվի երկրի կենսաանվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարումից։ Այս մասին տեղեկացրել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը։

Նրա խոսքով՝ ավելի բարձր առեւտրային մաքսատուրքերի ներդրումը չի ստիպի Կանբերային զիջումների գնալ ազգային կենսաանվտանգության քաղաքականության հետ կապված հարցերում: «Մենք պատրաստ չենք հրաժարվել կենսաբանական սպառնալիքների պաշտպանության համակարգից, ինչը պահանջում են ԱՄՆ ներկայացուցիչները: Դա պարզ է դարձրել [Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի] ասածից, դա ասել է առեւտրի նախարարը [Դոն Ֆարելը], եւ ես եմ ասում դա։ Մենք չենք պատրաստվում փոխզիջման գնալ այս հարցերում»,- ասել է Վոնգը՝ ելույթ ունենալով Սիդնեյում լրագրողների առջեւ։

Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետը հայտնել էր, որ նույնիսկ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը ներդրել է առեւտրային մաքսատուրքերը, Կանբերան չի փոխի կենսաանվտանգության մասին օրենքը եւ չի հանի հում մսի ներմուծման արգելքը։

Ավստրալացի մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ հենց կենսաանվտանգության մասին օրենքի խիստ պահանջների պատճառով, որն արգելում է մի շարք ապրանքների, այդ թվում՝ հում մսի ներմուծումը երկիր, Կանբերան չի կարողանա բացառություն անել այն երկրների ցանկից, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը բարձրացնում է մաքսատուրքերը։