Պեկինը չի հանդուրժի Վաշինգտոնի տնտեսական ճնշումը եւ կշարունակի պաշտպանել իր շահերը։ Այս մասին ճեպազրույցում ասել է Չինաստանի առեւտրի նախարարության ներկայացուցիչ Հե Յունցյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք Չինաստանը կշարունակի բարձրացնել ԱՄՆ-ից ներմուծման մաքսատուրքերը։

«Ես չեմ մեկնաբանի հիպոթետիկ հարցերը, բայց ուզում եմ ընդգծել, որ առեւտրային պատերազմում հաղթողներ չկան, եւ պրոտեկցիոնիզմը ճանապարհ է դեպի ոչ մի տեղ»,- ասել է նա։ «Եթե ԱՄՆ-ը պնդի, Չինաստանը կպայքարի մինչեւ վերջ, մենք երբեք չենք հանդուրժի ԱՄՆ-ի կողմից ավելորդ ճնշումն ու ահաբեկումը եւ վճռական միջոցներ կձեռնարկենք՝ պաշտպանելու մեր օրինական իրավունքները»:

«Եթե ուզում եք խոսել, մեր դռները բաց են, բայց երկխոսությունը պետք է վարվի հավասար հիմունքներով եւ փոխադարձ հարգանքի հիման վրա»,- ընդգծել է Հե Յունցյանը։ «Եթե ցանկանում եք պայքարել, Չինաստանը կպայքարի մինչեւ վերջ»։ Նա ավելացրել է, որ «ճնշումը, սպառնալիքներն ու շանտաժը Չինաստանի հետ փոխգործակցության սխալ ճանապարհ են»։

«Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը կհանդիպեն միմյանց կես ճանապարհին եւ պատշաճ կերպով կլուծեն տարաձայնությունները երկխոսության եւ խորհրդակցության միջոցով՝ փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության եւ շահեկան համագործակցության ոգով»,- եզրափակել է նա։