Չինաստանը և ԵՄ-ն պարտավորվել են համատեղ պահպանել բազմակողմ առևտրային համակարգը, որի հիմքում ընկած է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ասվащ է Չինաստանի առևտրի նախարարության հայտարարության մեջ, հայտնում է Xinhua-ն։

Այս հայտարարությունը հնչել է Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոյի և առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով ԵՄ հանձնակատար Մարոշ Շեֆչովիչի բանակցություններից հետո։ Նրանք քննարկել են մի շարք հարցեր, ներառյալ Չինաստանի և ԵՄ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդումը և Միացյալ Նահանգների, այսպես կոչված, «փոխադարձ մաքսատուրքերի» ներդրման դեմ պատասխան միջոցները:

Վան Վենտաոն նշել է, որ ԱՄՆ-ի կողմից «փոխադարձ մաքսատուրքերի» սահմանումը լրջորեն խախտում է մյուս երկրների օրինական շահերը, կոպտորեն խախտում է ԱՀԿ կանոնները, ծանր վնաս հասցնում կանոնների վրա հիմնված բազմակողմ առևտրային համակարգին և լրջորեն անդրադառնում համաշխարհային տնտեսական կարգի կայունության վրա։

Նա ընդգծել է, որ ներկա պայմաններում Չինաստանը և ԵՄ-ն համատեղ պահպանում են կանոնների վրա հիմնված բազմակողմ առևտրային համակարգը և հավատարիմ են մնում առևտրի ազատականացմանն ու դյուրացմանը՝ համաշխարհային տնտեսության և գլոբալ առևտրի համար առավել կայունություն և որոշակիություն ապահովելու համար:

Մարոշ Շեֆչովիչն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների «փոխադարձ մաքսատուրքերի» ներդրումը լրջորեն ազդել է միջազգային առևտրի վրա, և ԵՄ-ն պատրաստ է համագործակցել ԱՀԿ այլ անդամների, դրանց թվում՝ Չինաստանի հետ՝ ապահովելու համար միջազգային առևտրի բնականոն գործունեությունը:

Եվրամիությունը գնահատում է Չինաստանի հետ իր առևտրատնտեսական հարաբերությունները և պատրաստ է ամրապնդել երկխոսությունն ու շփումները Չինաստանի հետ, ինչպես նաև նպաստել երկկողմ շուկայի հասանելիության, ներդրումների և արդյունաբերական համագործակցության ընդլայնմանը, շեշտել է Մարոշ Շեֆչովիչը։

Ըստ հայտարարության՝ կողմերը պայմանավորվել են հնարավորինս շուտ սկսել խորհրդակցություններ շուկայի հասանելիության հարցերի շուրջ և անհապաղ սկսել բանակցությունները էլեկտրական ավտոմեքենաների գնային պարտավորությունների շուրջ, ինչպես նաև քննարկել ավտոմոբիլային ոլորտում երկկողմանի ներդրումային համագործակցությունը:

Նշվում է, որ երկու կողմերն էլ աջակցում են Չինաստան-ԵՄ առևտրային պաշտպանության երկխոսության մեխանիզմի վերսկսմանը՝ առևտրի շեղման հարցը քննարկելու և առևտրային վեճերը պատշաճ կերպով լուծելու համար։

Երկու կողմերը միաժամանակ խոստացել են շարունակել ամրապնդել համագործակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում և համատեղ առաջ մղել ԱՀԿ բարեփոխումները և աջակցել բազմակողմ առևտրային համակարգին, որի հիմքում ընկած է ԱՀԿ-ն, ասված է հայտարարության մեջ։