Միացյալ Նահանգները մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի վերաբերյալ բանակցությունների հարցում, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներին։

Նրա տեղեկացմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ստորադասներին հայտնել է, որ Չինաստանը պետք է կատարի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է իր պատասխան մաքսատուրքերով գնացել առեւտրային վեճի թեժացման։

Միեւնույն ժամանակ, նշել է CNN-ը, Չինաստանի իշխանություններն արդեն մի քանի անգամ հրաժարվել են ԱՄՆ նախագահի հետ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հեռախոսազրույցի կազմակերպումից։

Վերջին ժամանակներս Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ սակագնային պատերազմ է ծավալվել։ Թրամփը ապրիլի 2-ին հայտարարել է 185 երկրների եւ տարածքների ապրանքների վրա մաքսատուրքեր մտցնելու մասին։ Չինաստանի հանդեպ ամերիկյան մաքսատուրքերը սահմանվել են 34 տոկոսի մակարդակում։ Ի պատասխան՝ Չինաստանի իշխանություննեևրը հայտնել են, որ ապրիլի 10-ից լրացուցիչ մաքսատուրքեր կմտցնեն 34 տոկոսի չափով ԱՄՆ-ից ներմուծվող ողջ արտադրանքի վրա։

Ավելի ուշ Թրամփը տեղեկացրել էր, որ չինական արտադրանքից կգանձի մաքսատուրքեր 104 տոկոսի չափով այնքան ժամանակ, քանի դեռ Չինաստանի իշխանությունները առեւտրային գործարքի չեն գնա Միացյալ Նահանգների հետ։ Ի պատասխան՝ Չինաստանը բարձրացրել է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերի տոկոսադրույքը՝ 34-ից հասցնելով 84 տոկոսի։ Իր հերթին, Թրամփը հայտնել է, որ իր վարչակազմն անհապաղ կբարձրացնի առեւտրային մաքսատուրքերը Չինաստանի հանդեպ՝ մինչեւ 125 տոկոս։ Ընդ որում, հինգշաբթի CNBC հեռուստաալիքը, հղում կատարելով ամերիկյան վարչակազմի պաշտոնատար անձին, տեղեկացրել է, որ ԱՄՆ ընդհանուր մաքսատուրքերը չինական ապրանքների հանդեպ այժմ կազմում են 145 տոկոս։