Տարածաշրջանային քաղաքականության, ինքնակառավարման եւ բարձրալեռնային տարածաշրջանների հարցերով խորհրդարանական հանձնաժողի նախագահ Վախթանգ Բալավաձեն հերքել է Կուր գետի հունի փոփոխության վերաբերյալ տեղեկությունները` կապված Թուրքիայի տարածքում ՀԷԿ-ի կասկադի կառուցման հետ, հաղորդում է newsgeorgia.ru-ը:
Մի շարք վրացական լրատվամիջոցներ դեկտեմբերի 26-ին տեղեկություններ են հաղորդել անցյալ շաբաթ թուրքական կողմի հետ կայացած բանակցությունների մասին` «Բաշիկ Հայա» ՀԷԿ-ի կասկադի կառուցման վերաբերյալ, որի հետեւանքով Կուրի հունը կփոխվի, եւ գետը կսկսի թափվել Սեւ ծով:
Բալավաձեի խոսքով, թուրքական պատվիրակության հետ կայացած բանակցությունների ժամանակ քննարկվել է ՀԷԿ-ի կասկադի շինարարության հարցը, սակայն գետի հունի փոփոխման մասին խոսակցություն չի եղել:
«Դա հին նախագիծ է, որը նախատեսում է մի քանի կասկադների շինարարություն: Իսկապես մի քանի տարի առաջ դիտարկվում էր Կուրի հունի փոփոխման հավանականությունը, բայց արդյունքում նախագիծը այնպես ձեւավորվեց, որ դրա կարիքը չլինի: Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպման ժամանակ նշել են, որ դա կոմպրոմիս է, որպես երկու կողմերի համար դրական որոշման օրինակ»,-հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը:




























