Կառավարությունը չի ընդունել ՀՅԴ խմբակցության սոցիալական առաջարկությունները, իսկ հարկային բարեփոխումները կիսով չափ է իրականացնում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Կառավարությունը, հիշեցրել է նա, բացասաբար է արձագանքել նվազագույն աշխատավարձը բարձրացնելու ՀՅԴ-ի առաջարկին, իսկ խորհրդարանական մեծամասնությունը չի ընդունել այն: «Կառավարությունը նաեւ չի իրագործել նվազագույն սպառողական զամբյուղը հաստատման ներկայացնելու օրենսդրական պահանջը», - ասել է Ա. Ռուստամյանը: Ոչ պաշտոնական գնահատականներով, հավելել է նա, ներկա պահին այն 65 հազար դրամի չափով է հաշվարկվում:
«Եկամտահարկում կառավարությունը սանդղակ է ներդրել, որը, ինչպես պարզվեց, կիսատ է», - հավելել է Ա. Ռուստամյանը:
Հիշեցնենք, եկամտահարկի սանդղակը մանրամասնելու նախաձեռնությամբ հանդես է եկել «Ժառանգություն» խմբակցությունը: Համաձայն խմբակցության նախաձեռնության` մինչեւ 70 հազար դրամ ամսական աշխատավարձի դեպքում եկամտահարկը նախատեսվում էր սահմանել 3%-ի չափով, 70 - 200 հազարի դեպքում` 4%, 200 - 400 հազարի դեպքում`10%, 800 հազար դրամից մինչեւ 165 մլն դրամի դեպքում` 15%, 1,5 - 2 միլիոն դրամի դեպքում` 20%, 2 - 5 միլիոնի դեպքում` 25%, 5 - 10 միլիոնի դեպքում` 35%, 20 միլիոն եւ ավելիի դեպքում` 40%:
Այնուամենայնիվ, կառավարությունը նման սանդղակը քիչ գործածական էր համարել եւ խորհրդարանական մեծամասնության միջոցով հաստատել փոփոխությունների առավել կարճ տարբերակը: Եթե նախկինում եկամտահարկը ամսական մինչեւ 80 հազար դրամ եկամտի դեպքում կազմում էր 10% (մոտ 210 դոլար), 80 հազար դրամը գերազանցելու դեպքում` 20%, ապա հիմա ամսական 2 մլն դրամից սկսած` եկամտահարկը կկազմի 25%:




























