ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է 90 օրում կնքել 90 առեւտրային գործարք, այդքանով է հետաձգվել ավելի քան 75 երկրների նկատմամբ բարձրացված մաքսատուրքերի սահմանումը։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Թրամփի առեւտրային խորհրդական Փիտեր Նավարոն։

Նրա խոսքով՝ այդ խնդրով կարող են զբաղվել ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը եւ առեւտրի նախարար Հովարդ Լյուտնիկը, փոխանցել է DW-ն։ Նավարոն ավելացրել է, որ Թրամփը կլինի «գլխավոր բանակցողը», քանի որ «առանց նրա ուշադիր դիտարկման ոչինչ չի արվում»։

Առեւտրի հարցերով ԵՄ հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը ապրիլի 14-ին կմեկնի Վաշինգտոն՝ մաքսատուրքերի վերաբերյալ բանակցությունների համար։

Սակայն, ինչպես նշել է Reuters-ը, այդ օրը ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը կլինի Բուենոս Այրեսում՝ աջակցություն ցույց տալու Արգենտինայի տնտեսական բարեփոխումներին։ Նրա առաջիկա բացակայությունը Շեֆչովիչի հետ հանդիպմանը ուժեղացնում է կասկածները առեւտրի փորձագետների շրջանում, թե որքան արդյունավետ կարող է ԱՄՆ նախագահի վարչակազմը միանգամից այդքան բանակցություններ վարել, գրել է գործակալությունը։