Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայկական ֆուտբոլին մաղթում է 2012-ին պահպանել եւ զարգացնել այս տարվա նվաճումները: որ այն ինչ-որ ունեցանք 2011թ-ին կարողանանք պահպանել եւ զարգացնել նաեւ 2012թ-ին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Մինասյանը հայտարարեց, որ հայկական ֆուտբոլը վերելքի ճանապարհին է:
Պարոն Մինասյան, ի՞նչ ձեռքբերումներ եւ բացթողումներ կառանձնացնեք անցնող տարում:
Ավելի շատ ձեռքբերումներ ունեցանք: Կարելի է ասել, որ հայկական ֆուտբոլը վերելքի ճանապարհին է: Հայաստանի ազգային հավաքականը շատ երիտասարդ է ու շատ մեծ ներուժ ունի: Այն դեռ պետք է առաջընթաց ապրի: Սա այն չէ, ինչին ընդունակ է թիմը: Մեր հավաքականն ավելին կարող է անել: Համենայնդեպս, եթե վերցնենք նրանց տարիքը եւ հաշվի առնենք այն, ինչ նրանք արեցին 2011-ին, ապա ավելի շատ ձեռքբերումներ ենք ունեցել:
Բացթողումները եւս կապված են հավաքականի հետ: Բնականաբար, եղան կիսատ քայլեր, եղան սխալներ, բայց առանց դրանց անհնար է: Կփորձենք դրանք ապագայում, մեծ խաղերում չկրկնել: Նորից կրկնեմ, եթե վերցնենք մեր հավաքականի տղաների տարիքը եւ հաշվի առնենք այն, ինչ նրանք արել են 2011-ին, ապա ավելի շատ ձեռքբերումներ ենք ունեցել, քան բացթողումներ:
Նոր տարին ձեր ընտանիքը որտե՞ղ եւ ինչպե՞ս է դիմավորում:
Նոր տարին իմ ամենասիրելի տոներից մեկն է, իսկ ամենասիրելի տոնը` Սուրբ Զատիկն է: Ճիշտ է` Երեւանում չեմ տոները դիմավորելու, բայց ընտանիքում ավանդույթ դարձած ամենակարեւոր սովորույթն այն է, որ միշտ ընտանիքիս հետ եմ տոները դիմավորում: Այս տարի Ամանորը դիմավորելու եմ Էմիրություններում:
Ի՞նչ բարեմաղթանքներ ունեք:
Օգտվելով առիթից` կցանկանայի շնորհավորել մեր ազգին Ամանորի ու Սուրբ ծնունդի կապակցությամբ` ցանկանալով ամենակարեւորը առողջություն եւ բարեկեցիկ կյանք, իսկ հայկական ֆոտբոլին` այն, ինչ ունեցանք` կարողանանք պահպանել եւ զարգացնել: Սա երիտասարդ հավաքական է ու ավելի շատ պետք է առաջընթաց ապրի:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը:


























