Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երկուշաբթի սկսել է փոխադարձ պետական այցերի նոր փուլը Վիետնամի կոմկուսի կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տո Լամի հետ, հայտնել է CGTN-ը։
Չինաստանի ղեկավարը նշել է, որ Չինաստանը եւ Վիետնամը պետք է զարգացնեն խոր ավանդական բարեկամությունը «ընկերության եւ եղբայրության» ոգով։
Երկու պետություններն աջակցում են միմյանց ազգային անկախության համար մղվող պայքարում եւ սոցիալիստական երկրների համերաշխության, համագործակցության եւ արդիականացման օրինակ են։
Պեկինը եւ Հանոյը հավատարիմ են բաց լինելուն եւ տարածաշրջանային մատակարարման շղթաներում կայունության պահպանմանը, ավելացրել է Սին։ Նա նաեւ ընդգծել է, որ երկու երկրները պետք է ամրապնդեն ռազմավարական վճռականությունը, համատեղ ընդդիմանան միակողմանի գործողություններին եւ ահաբեկչական գործելաոճին եւ համատեղ պաշտպանեն ազատ առեւտրի համաշխարհային համակարգը։
Բանակցությունների ընթացքում Չինաստանի նախագահն առաջարկել է վեց միջոց Չինաստանի եւ Վիետնամի միջեւ համատեղ ապագայի ստեղծման համար:
Առաջին՝ ամրապնդել ռազմավարական փոխադարձ վստահությունն ավելի բարձր մակարդակով: Երկու կողմերն էլ պետք է ամբողջությամբ օգտագործեն կապերը, ներառյալ միջկուսակցական, օրենսդիր մարմինները եւ քաղաքական խորհրդատվական կազմակերպությունները: Երկրորդ՝ կառուցեն անվտանգության ավելի ամուր պատնեշ՝ օգտագործելով պաշտպանության եւ իրավապահ մարմինների համագործակցության բոլոր մեխանիզմները, պաշտպանելով մարդկանց կյանքն ու ունեցվածքը եւ պահպանելով տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: Երրորդ՝ ընդլայնեն բարձրորակ փոխշահավետ համագործակցությունը։ Չինաստանը եւ Վիետնամը պետք է արագացնեն գործնական փոխգործակցությունը եւ զարգացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Չորրորդ՝ ամրապնդեն մարդկանց միջեւ կապերը: Երկու երկրներն էլ պետք է օգտագործեն մարդասիրական փոխանակումների հայտարարված տարին՝ որպես առիթ թեմայի շուրջ ավելի շատ միջոցառումներ կազմակերպելու եւ զբոսաշրջության, մշակույթի եւ լրատվամիջոցների ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու համար։ Հինգերորդէ իրականացնեն ավելի սերտ համակարգում բազմակողմ ֆորումներում: Պեկինը եւ Հանոյը պետք է պաշտպանեն ՄԱԿ-ի վրա կենտրոնացած միջազգային համակարգը, խթանեն ավելի արդար բազմաբեւեռ աշխարհը եւ աջակցեն տնտեսական գլոբալիզացիային, որը ձեռնտու է բոլորին: Եվ վերջապես, վեցերորդ՝ հասնեն ավելի դրական փոխգործակցության ծովային սահմաններում: Երկու երկրներն էլ պետք է արժանապատվորեն կարգավորեն խնդիրները, ընդլայնեն ծովային համագործակցությունը եւ աշխատեն Հարավչինական ծովում վարքագծի կանոնագրքի շուտափույթ ավարտման ուղղությամբ։
Վիետնամի առաջնորդ Տո Լամը ջերմ ընդունելություն է ցուցաբերել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։ Նա ասել է, որ այցը նոր հանգրվան է երկու կողմերի եւ երկրների միջեւ բարեկամական փոխանակումների պատմության մեջ:
Վիետնամը երախտապարտ է Չինաստանի երկարաժամկետ աջակցության եւ օգնության համար, հաստատակամորեն հավատարիմ է «մեկ Չինաստան» քաղաքականությանը, աջակցում է ազգային վերամիավորման Չինաստանի ջանքերին եւ դեմ է անջատողական գործողություններին, որոնք ուղղված են «Թայվանի անկախությանը»:
Տո Լամը վստահեցրել է, որ Վիետնամը պատրաստ է ամրապնդել համակարգումը եւ համագործակցությունը Չինաստանի հետ, աջակցել բազմակողմանիությանը, պահպանել միջազգային առեւտրի կանոնները եւ համատեղ նպաստել ողջ մարդկության խաղաղությանն ու առաջընթացին։ Հանոյը նույնպես պատրաստ է պատշաճ կերպով լուծել Պեկինի հետ տարաձայնությունները՝ ապահովելու համար ծովային կայունությունը:
Բանակցությունների ավարտին երկու երկրների ղեկավարները քննարկել են Չինաստանի եւ Վիետնամի կողմից ստորագրված երկկողմ համագործակցության 45 փաստաթուղթ։ Դրանք ներառում են կապի, արհեստական բանականության, գյուղատնտեսական առեւտրի եւ շատ այլ ոլորտներ:




























