Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկ ժամանած ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպմանը հայտնել է ապագայի մի շարք հարցեր եւ համատեղ գործողություններ քննարկելու մտադրության մասին, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։

«Հաճելի է հանդիպել ձեզ հետ, ես անհամբեր սպասում եմ նման հանդիպման, երբ հնարավորություն ընձեռվի, անկեղծ ասած, որոշ հարցերի շուրջ խորհրդակցելու եւ մոտ ապագայում նայելու, թե ինչպես ենք վարվելու, ինչ ենք անելու, քննարկելու մի շարք քաղաքական հարցեր, հատկապես այս անհանգիստ իրավիճակում։ Ինձ համար շատ կարեւոր է ձեր տեսակետը»,- ասել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Սերգեյ Նարիշկինին Բելառուս կատարած այցի համար եւ խնդրել է իր ողջույնները փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Սերգեյ Նարիշկինը, օգտվելով առիթից, անձամբ է շնորհավորել նաեւ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ։

«Անկեղծորեն գոհ եմ ընտրությունների արդյունքներից: Այժմ օգտվելով առիթից՝ անձամբ կշնորհավորեմ ձեզ ձեր հաղթանակի կապակցությամբ: Մենք չէինք կասկածում արդյունքների վերաբերյալ, բայց հաղթանակը համոզիչ է: Դա վկայում է, որ Բելառուսի բնակչությունը, ընտրողները աջակցում են երկրի ներքին եւ արտաքին քաղաքական գծին, այն գծին, որը սահմանում է հանրապետության նախագահը»,- ասել է ՌԴ ԱՀԾ տնօրենը: