Սպիտակ տանը լուրջ տարաձայնություններ են՝ Պուտինի հետ բանակցությունների առնչությամբ. ԱՄՆ նախագահը չգիտի՝ արժե՞ արդյոք կոշտ ճնշում գործադրել Կրեմլի վրա, գրում է Wall Street Journal-ը։

Նշվում է, որ Դոնալդ Թրամփի ամենամերձավոր խորհրդականներն այս հարցում երկու ճամբարի են բաժանվել։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը ԱՄՆ նախագահին կոչ են անում ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Մոսկվայի նկատմամբ, գրում է Bild-ը։ Նրանք Պուտինի մեջ խաղաղության իրական ցանկություն չեն տեսնում և զգուշացնում են Կրեմլի նկատմամբ չափազանց մեծ վստահության վտանգի մասին: Նրանց խորհուրդն է՝ զիջումներ չլինեն Ռուսաստանին, քանի դեռ Մոսկվան պարզապես պահանջում է ուկրաինական տարածք և չի դադարեցնում ռազմական գործողությունները։

Սակայն Թրամփն այժմ կարծես ավելի շատ ականջ է դնում իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, որն արդեն երկու անգամ անձամբ հանդիպել է Պուտինի հետ Մոսկվայում և համոզված է, որ ռուսաստանցի բռնապետը խաղաղություն է ուզում։

Սպիտակ տանը այս տարաձայնություններն արդեն տարածվում են հանրային տարածք։ Սումի քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակումից հետո Թրամփը կատարվածն անվանել է «սխալ» և պատերազմի մեջ մեղադրել Ջո Բայդենին։ Ռուբիոն և Քելլոգը շատ ավելի կտրուկ են արձագանքել, ընդ որում Ռուբիոն հարձակումն անվանել է «դաժան և ողբերգական», իսկ Քելլոգը այն « պատշաճություն բոլոր կանոնների խախտում» է որակել: Դրանից հետո ինքը՝ Թրամփը, ստիպված է եղել https://news.am/arm/news/877590.html խոստովանել, որ Պուտինն է այս պատերազմի պատասխանատուներից մեկն է։

Ըստ Wall Street Journal-ի, ներկայում Սպիտակ տանը բուռն բանավեճ է ընթանում՝ արդյո՞ք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է խստացվեն, որպեսզի իսկապես Պուտինին ստիպեն նստել բանակցությունների սեղանի շուրջ: