Պետդումայի ընտրությունների արդյունքներից դժգոհ ռուսաստանցիների զանգվածային ցույցերի թիկունքում ԱՄՆ-ն է կանգնած, կարծում է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Նրա համոզմամբ` Նահանգները փորձում են ապակայունացնել Ռուսաստանի իրավիճակը Եգիպտոսի, Լիբիայի, Սիրիայի եւ Լատինական Ամերիկայի սցենարով:

«Ահա թե ուր է հասել կայսրության խելագարությունը»,- հայտարարել է Չավեսը: Վենեսուելայի առաջնորդը նշել է, որ «յանկիների կայսրության գրոհին» զուգահեռ, Վլադիմիր Պուտինի դեմ մամուլով միջազգային հակաքարոզչություն է սկսվել:

Միացյալ Նահանգները փորձում են խափանել նրա իշխանությունը, մասնատել Ռուսաստանը եւ ապակայունացնել նրա կառավարությանը` իրագործելով աշխարհին միանձնյա տիրելու իմպերիալիստական ծրագիրը», - Չավեսի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չավեսն իր ժողովրդին նախազգուշացրել է, որ այդ ամենը կփորձեն իրագործել նաեւ Վենեսուելայում: Վենեսուելայի նախագահական ընտրությունները նշանակված են 2012թ. հոկտեմբերի 7-ին: