Ժանաոզեն քաղաքում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ կասկածվող ձերբակալվածների թիվը  հասել է 18-ի: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 29-ին, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ղազախստանի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Նուրդաուլետ Սուինդիկովը:

Ավելի վաղ հաղորդվել էր 16 ձերբակալվածների մասին:

Գլխավոր դատախազության ներկայացուցիչը նաեւ հաղորդել է, որ զանգվածային անկարգությունները ցրելու համար մարդկանց վրա կրակող ոստիկաններին մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպառնում, եթե դատարանը զենքի կիրառումը ճանաչի անօրինական:

Սուինդիկովը նաեւ նշել է, որ զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվածների  մահը  «ոստիկանության աշխատակիցների գործողություների հետ կապ չունի»,  հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեկտեմբերի 16-ին Ղազախստանի Անկախության օրը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում, պաշտոնական տվյալներով, 16 մարդ զոհվել է, 100-ից ավելին` վիրավորվել: Քաղաքում 46 շենք կողոպտվել եւ այրվել է: Երկրի նախագահը դեկտեմբերի 17-ին քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել: Մինչեւ հունվարի 5-ը Ժանաոզենում պարեկային ժամ է լինելու:

Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ անկարգությունների հետեւում հանցավոր խմբավորումներ են կանգնած, որոնք կապեր ունեն արտաքին ուժերի հետ: