Եվրամիության անդամ պետությունները որոշել են դիմել Եվրոպական դատարան` Եվրահանձնաժողովի կողմից եվրոպական 44 հազար պաշտոնյաների աշխատավարձը սառեցնելու մերժման կապակցությամբ:
Եվրամիության երկրների մեծ մասում կարծում են, որ ճգնաժամի ընթացքում տնտեսումը պետք է վերաբերի բոլորին, եւ ԵՄ գործադիր մարմինը պետք է օրինակ ծառայի: Բայց այսօր Բրյուսելում հիմնավորված ավելի քան 17,5 հազար եվրոպական պաշտոնյաներ ամսական 6,5 հազար եվրո աշխատավարձ են ստանում: Միեւնույն ժամանակ, ԵՄ պաշտոնյաները
սոցիալական եւ դիվանագիտական մեծաթիվ նպաստներ են ստանում, որոնք կողմնակի էական եկամուտ են ապահովում:
Դրան գումարած, Եվրահանձնաժողովը աշխատավարձերի ավտոմատ ինդեքսավորման շրջանակներում նախատեսում է 2012թ. հունվարից սկսած 44 հազար պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնել 1,7%-ով:
«Ֆինմարքեթ»-ը, հղում անելով բելգիական Libre Belgique հրատարակչությանը, գրում է, որ այդ հարցի շուրջ ԵՄ երկրների վեճը Եվրահանձնաժողովի հետ արդեն մի քանի ամիս շարունակվում է: Նրա տեղեկացմամբ` ԵՄ խորհուրդը, որը ներկայացնում է Եվրամիության անդամ երկրների կարծիքը, Լյուքսեմբուրգի Եվրոդատարան դիմելու որոշում է կայացրել` Եվրահանձնաժողովի կողմից «եվրոկրատների» աշխատավարձը սառեցնելու մերժումը բողոքարկելու համար: Այդ որոշման օգտին են քվեարկել ԵՄ 27 երկրներից 20-ը:




























