2011թ արձանագրվել է սննդային թունավորումների 8 դեպք` 85 տուժածով, որը առաջացել է ինչպես տնային, այնպես էլ հանրային սննդի վայրերում պատրաստված աղցաններից, կրեմային հրուշակեղենից եւ այլնից: Այս մասին այսօր` դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սննդի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը` հավելելով, որ 2011թ արձանագրվել է բոտուլիզմի 18 դեպք` 29 տուժածով:

Նրա խոսքով` թունավորումները առաջացել էին Արարատի, Տավուշի, Լոռիի մարզերում, ինչպես նաեւ Երեւանում: «Թունավորման պատճառները ոչ պատշաճ ջերմասյին մշակման սննդամթերքն էր, պատրաստման, մշակման, պահպանման կանոնների խախտումները»,- ասաց Մարգարիտա Բաբայանը: Իսկ սննդային թունավորումների ախտանշաններն են գլխապոտւյտը, սրտխառնոցը, որովայնի շրջանում ցավերը, բոտուլիզմի ժամանակ լինում է թուլություն, կոպերի անկում. ձայնի խանգարումներ: Սննդային թունավորումների առաջին ախտանշանները ի հայտ գալուն պես նա խորհուրդ է տալիս դիմել բժշկի, իսկ մինչ այդ կարող եք ստամոքսի լվացում կատարել, ակտիվացված ածուխ օգտագործել, շատ հեղուկներ խմել:

Նախորդ տարի Ամանորին սննդային թունավորման երկու դեպք է գրանցվել, երկուսն էլ` աղցաններից: Մարգարիտա Բաբայանը նման դեպքերից խուսափելու համար խորհուրդ է տալիս Ամանորին չչարաշահել տարբեր սննդամթերքների օգտագործումը, ալկոհոլային խմիչքները, սահմանափակել ճարպոտ սնունդը` միսը, ձկնեղենը, ավելի շատ օգտագործել շոգեխաշած մթերքներ:  Նրա խոսքով` մթերքները գնելիս պետք է նայել պիտանելիության ժամկետները, մասնավորապես` սունկ գնելիս պահանջել համապատասխան թուղթը, որտեղ ասվում է, որ այն կիրառելի է սննդում: Աղցանները պատրաստել, բայց մայոնեզը ավելացնել միայն մատուցելիս: Իսկ բոտուլիզմից խուսափելու համար անհրաժեշտ է պահածոները օգտագործել եռման պահից եւս 25 րոպե եփելուց  հետո: Սննդամթերքը պահպանելու կանոններին եւս պետք է պահպանել, մասնավորապես` պատրաստի սննդամթերքը սառնարանում դնել ավելի վերեւի դարակաշարերում, իսկ հում սննդամթերքը` ներքեւի դարակաշարերում, ըստ որում` բոլորը հերմետիկ փակել, որպեսզի չխառնվեն իրար: