Դեկտեմբերի 30-ի գիշերը այրվել է «Եկատերինբուրգ» ստորջրյա ատոմային նավակը: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Մուրմանսկի շրջանի նավանորոգարանում: Եռակցման աշխատանքների ընթացքում բռնկվել են նավակի պատյանի շուրջ գտնվող փայտե լաստակները: Այնուհետեւ կրակը հասել է նավակի ներքնամասին: Երկու ռեակտորն էլ այդ պահին անջատված են եղել, ռադիացիայի վտանգ  չկա, գրում է vesti.ru-ն:

Դեպքի վայր է ուղարկվել Պաշտպանության նախարարության եւ Ռազմածովային ճակատի հանձնաժողովը: Իրավիճակի մասին փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը զեկուցել է նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ վարչապետ Վլադիմիր Պուտինին:
Գիշերվա մոտավորապես ժամը երկուսի սահմաններում ԱԻՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է, որ ատոմային նավակի հրդեհը տեղայնացված է: Կրակի տարածումը կանխելու համար նավակը կիսով չափ ընկղմել են ջրում:

Միաժամանակ, ինչպես տեղեկացնում է Lifenews-ը, Սեւերոմորսկի հիվանդանոց ինը մարդ է տեղափոխվել, որոնք հրդեհի պահին նավակում են եղել: Նրանց մեջ վերանորոգող վարպետներ եւ ստորջրյա նավակի անձնակազմի անդամներ կան: