Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրին հետմահու ԿԺԴՀ հերոսի կոչում են շնորհել: Հերոսի կոչում շնորհելու հրամանը Ժողովրդական գերագույն ժողովի կողմից տրվել էր դեռեւս դեկտեմբերի 19-ին: Այս մասին տեղեկացրել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Հրամանագրի համաձայն` պատվավոր կոչմամբ ընդգծվում է երկար տարիներ կուսակցությունը, բանակը եւ ժողովրդին ղեկավարած Կիմ Չեն Իրի «հեղափոխական անմահ վաստակը»:

Հիշեցնենք, նախօրեին Փհենյանում ավարտվել է Կիմ Չեն Իրի հուղարկավորությունը: Տեղի է ունեցել սգո հանրահավաք, որի վերջում համազարկ են արձակել, եւ ժողովուրդը երեք րոպե լռությամբ հարգել է Կիմ Չեն Իրի հիշատակը: Առաջնորդի աճյունն ամփոփող ապակյա սարկոֆագը դրվել է Կիմսուսանի հուշահամալիրում, որտեղ գտնվում է նրա հոր` հանրապետության առաջին եւ հավերժական նախագահ Կիմ Իր Սենի մարմինը, որը կյանքից հեռացել է 1994թ.:

ԿԺԴՀ անմահ առաջնորդ Կիմ Չեն Իրը հանկարծամահ է եղել դեկտեմբերի 17-ին: Նա մահաացել է 70 տարեկան հասակում, սրտի կաթվածից: