Ուկրաինան հայտարարել է ռուսական գազի ներկրման ծավալների կրճատման մասին: Երկրի էներգետիկայի եւ ածխարդյունաբերության նախարար Յուրի Բոյկոն հեռուստաեթերում հայտարարել է, որ 2012թ. Ուկրաինան Ռուսաստանից բնական գազի ներկրումը կկրճատի մինչեւ 27 մլրդ խմ:
«Մենք մեր գործընկերներին նախազգուշցրել ենք, որ մեր տնտեսության համար գազի նման գինը նպատակահարմար չէ, եւ մենք կանցնենք սեփական էներգետիկական ռեսուրսներին»,-ասել է նա: Նախարարը նշել է, որ քանի դեռ գազը թանկ է, Ուկրաինան այն կգնի այն չափով, որքան որ միջոցները կբավարարեն: Իսկ եթե գազն էժանանա, ուկրաինական կողմը կարող է ավելացնել ներկրման ծավալները: Բոյկոյի խոսքով` երկիրը «գազը կփոխարինի էներգետիկակական սեփական ռեսուրսներով», մասնավորապես` ածուխով, գրում է «Վեդոմոստի»-ն:
Ուկրաինայի իշխանությունները երկու տարի է` ուզում են հասնել գազի գնի վերանայման, որը սահմանվել է 2009թ. համաձայնագրով: Կիեւում այդ գինը չհիմնավորված թանկ են համարում: Գերագույն ռադան 2012թ. պետբյուջեն ընդունել է հաշվի առնելով տարեկան միջին գինը`1000 խմ-ի համար` 416 դոլար:




























