ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, պարզվում է,  Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինից հարուստ է: Համենայն դեպս, այդ մասին են վկայում ԿԸՀ-ում հրապարակած նրանց եկամուտների տվյալները: Ժիրինովսկու կինը եւս իր եկամտով գերազանցել է Պուտինի կնոջը:

Այսպես, համաձայն փաստաթղթի` Վլադիմիր Ժիրինովսկու եկամուտը 4 տարվա ընթացքում կազմել է ավելի քան 22 մլն ռուբլի: Բանկերում նրա հաշվեհամարին 750 հազար ռուբլուց մի քիչ պակաս գումար է նստած: Բացի այդ, նրան են պատկանում ՎՏԲ բանկի գրեթե 74 մլն բաժնետոմսեր: ՌԼԴԿ առաջնորդը բնակելի կապիտալ չունի, միայն Սարատովի շրջանում 10 հազար քմ ոչ բնակելի շինություն ունի: Նա նաեւ հնաոճ մի «Վոլգա» ունի, գրում է utro.ru-ն:

Ժիրինովսկու կինը` Գալինա Լեբեդեւան, 10 հեկտար ընդհանուր մակերեսով 10 հողատարածք ունի, 8 ամառանոց, 3 տուն Մոսկվայի  շրջանում, ինչպես նաեւ 3 բնակարան Մոսկվա քաղաքում, որոնցից մեկում նա թույլ է տալիս բնակվել իր ամուսնուն: Համաձայն տվյալների` նա 2007թ. արտադրության «Մերսեդես S350» մեքենա է վարում: Լեբեդեւան մի քանի ընկերությունների սեփականատեր է, նրա բանկային հաշիվներին 15,8 մլն ռուբլի է առկա: Վերջին 4 տարում նրա եկամուտները կազմել են 46,6 մլն ռուբլի:

Համեմատության համար նշենք, որ Վլադիմիր Պուտինը  4 տարում 17,7 մլն եկամուտ է ունեցել: Այս գումարը ներառում է վարչապետի աշխատավարձը, բանկային ավանդների եւ բաժնետոմսերի եկամուտները, ինչպես նաեւ զինվորական թոշակը: Պուտինի բանկային տասնյակ հաշիվներին 5,7 մլն ռուբլի կա: Որպես աշխատավարձ նա 4 մլն 622 հազար ռուբլի է ստացել, զինվորական թոշակը այդ ժամանակահատվածում կազմել է 100,6 հազար ռուբլի:

Փաստաթղթում նշված է Պուտինին պատկանող անշարժ գույքը. Սանկտ Պետերբուրգում  77 քմ մակերեսով բնակարան, 1500 քմ հողատարածք Մոսկվայի շրջանում եւ ավտոտնակ հավաքական ավտոկայանատեղում: Բացի այդ, նրան անժամկետ օգտագործման համար Մոսկվայում 153,7 քմ մակերեսով բնակարան եւ Սանկտ Պետերբուրգում ավտոտնակ է հատկացվել: Վլադիմիր Պուտինի ավտոմեքենաների հավաքածուն կազմված է հայրենական արտադրության երեք ավտոմեքենաներից (երկու «ԳԱԶ» եւ մեկ «Նիվա»): Վարչապետին են պատկանում «Սանկտ Պետերբուրգ» բանկի 230 բաժնետոմսերը:

Վարչապետի կնոջ` Լյուդմիլա Պուտինայի հաշվին  8,3 միլիոն ռուբլուց ավելի գումար է նստած: Նրա եկամուտը վեջին 4  տարիներին կազմել  է 146,8  հազար ռուբլի: