Արգենտինայի հարավում փողոցային անկարգություններ են տեղի ունեցել. պետական ծառայողները տնտեսական կոշտ միջոցների դեմ ուղղված բողոքի ցույցի են դուրս եկել: Բախումների արդյունքում ավելի քան 20 մարդ վիրավորվել է, այդ թվում` 1 ոստիկան:
Ցույցերը սկսվել են Ռիո Գալեգոս քաղաքում` Սանտա Կրուս նահանգի մայրաքաղաքում: Պետական հաստատությունների աշխատակիցները հավաքվել են տեղի խորհրդարանի առջեւ, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների առնչությամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ցույցը ցրելու նպատակով ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել եւ ռետինե փամփուշտներ: Իր հերթին ցուցարարների խումբը ոստիկանության մեքենա է այրել: Խորհրդարանի նիստը հետաձգվել է, որոշ պատգամավորներ ոստիկանության հսկողության ներքո ստիպված լքել են շենքը:
Բացի այդ, Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշները հետաձգել է Ռիո Գալեգոս կատարելիք այցը, որտեղ նրա ընտանեկան բնակատեղին եւ անժամանակ վախճանված ամուսնու գերեզմանն է գտնվում, գրում է vesti.ru-ն: Նախքան Արգենտինայի նախագահ ընտրվելը, Նեստոր Քիրշները Սանտա Կրուս նահանգի նահանգապետն է եղել:




























