Անցնող տարում ամենանշանակալից իրադարձությունը մարդու իրավունքների ոլորտում համաներումն էր, որի արդյունքում եւ քաղաքական բանտարկյալները ազատ արձակվեցին, եւ նաեւ քրեակատարողական հիմնարկներում որոշակի առաջընթաց գրանցվեց գերբնակեցումը թոթափելու հարցում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Վերջինս սրտի ցավով նշեց, որ համաներման այդ դրական արդյունքն ընդամենը ժամանակավոր բնույթ կրեց ՔԿՀ-ների գերբնակեցումը թոթափելու հարցում:
Որպես թերացում իրավապաշտպանը նշեց փաստը, որ իրավիճակային առումով որեւէ դրական փոփոխություն չի եղել: «Չի եղել որեւէ օրենսդրական փոփոխություն, քայլ, որի արդյունքում կկարողանայինք ասել, թե մարդու իրավունքների ոլորտում անդառնալի նվաճումներ են գրանցվել: Ընդհանուր գնահատական տալով` նշեմ, որ մարդու իրավունքների հարցում Հայաստանը շարունակեց դոփել տեղում»,- նշեց իրավապաշտպանը:
Վերջինս լուրջ ակնկալիքներ չունի 2012 թվականից: «Փորձը ցույց է տվել, որ ընտրությունների հետ կապված մենք միշտ ունենում ենք մեծ հետընթաց եւ լինում են զանգվածային խախտումներ: Այս իմաստով մտահոգիչ է ոչ միայն 2012-ը, այլեւ հաջորդ 2013 թվականը, որոնք ոչ միայն ընտրական իրավունքների խախտումներ են արձանագրելու, այլեւ ուղեկցվում են բազմաթիվ խախտումներով` ազատությունից ապօրինի զրկելով, հավաքների ազատության, խոսքի ազատության խախտումներով»:
Ես մեծ պատրանքներ չունեմ, որ 2012 թվականը էապես տարբերվելու են նախորդ ընտրական տարիներից: «Հայաստանի վրա ծանր են անդրադառնում հատկապես հետընտրական զարգացումները: Ես պատրանքներ չունեմ, ունեմ անհանգստություն»,- ամփոփեց իրավապաշտպանը:




























