ՌԴ Պետդումա է ներկայացվել օրինագիծ, որով առաջարկվում է թույլ չտալ տանտերերին բնակարաններ վարձով տալ բազմաբնակարան շենքում, եթե դրան չհամաձայնեն բոլոր հարևան բնակարանների և տարածքների սեփականատերերը: Եթե օրինագիծն ընդունվի, հարևանները պետք է գրավոր հաստատեն իրենց համաձայնությունը, գրում է «Коммерсантъ»-ը։
Փաստաթուղթը Պետդումա է ներկայացրել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական և «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցությունների պատգամավորները: Օրենսդիրներն առաջարկը բացատրել են նրանով, որ բնակարանների ամենօրյա վարձակալությունը հաճախ հանգեցնում է հարևանների հարմարավետ կենսապայմանների իրավունքների խախտման:
Նրանք նաև նշել են, որ վարձակալության այս տեսակը կարող է վնասել ընդհանուր սեփականությանը։ Թեև պատգամավորները հատուկ ուշադրություն են դարձնում օրավարձով բնակարանների խնդիրներին, սակայն օրինագծով առաջարկվում է պարտավորեցնել տանտերերին պայմանավորվել բնակարանի վարձակալության հարցում՝ անկախ վարձակալության պայմանագրի ժամկետից։
Փոփոխություններ են նախատեսվում Ռուսաստանի Դաշնության Բնակարանային օրենսգրքի 30-րդ հոդվածում: Հարևանները, համաձայնելով բնակարանների վարձակալությանը, պետք է փաստաթղթում գրեն իրենց ազգանունը, անունը, հայրանունը և անձնագրի տվյալները: Իրավաբանական անձանցից կպահանջվի նշել իրենց լրիվ անվանումը և հիմնական պետական գրանցման համարը։ Նրանք նաև պետք է ներկայացնեն հարևան կամ հարակից տարածքների սեփականությունը հաստատող փաստաթղթերի մանրամասներ:
Պատգամավորները կարծում են, որ օրինագծի ընդունումը սոցիալ-տնտեսական, ֆինանսական կամ այլ բացասական հետևանքներ չի ունենա։




























