Երեկ` դեկտեմբերի 29-ին, ժամը 20-ի սահմաններում հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել Վանաձոր քաղաքում: Ինչպես Վանաձորից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ժամը 20:25-ին ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 20 շենքի բակում տղամարդու դիակ կա: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը` Լոռիի մարզի քննչական բաժանմունքի քննիչ Հովհաննես Փարսադանյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ թիվ 20 շենքի չորրորդ հարկի իր բնակարանի բաց պատշգամբից, ինքնասպանություն կատարելու համար իրեն ցած է նետել Վանաձոր քաղաքի բնակիչ, 43-ամյա Տիգրան Ռոբերտի Քալաշյանը:

Քննիչ Հովհաննես Փարսադանյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ըստ Տիգրան Քալաշյանի հարազատների, նա ունեցել է հոգեկան շեղումներ ու 2001 թվականից հաշվառված է եղել Լոռիի մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում, բացի այդ, նա նախկինում եւս ինքնավնասումներ է արել` մի քանի անգամ սուր ծակող-կտրող գործիքի օգնությամբ վնասելով մարմնի տարբեր հատվածները:

Քննիչը նաեւ հավելեց, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, Լոռիի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: