ԱՄՆ նախագահի աշխատակազմը քննարկում է Եվրոպայում ռուսական էներգետիկ որոշ նախագծերի, այդ թվում՝ «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ պատժամիջոցների վերացման հնարավորությունը, հաղորդել է Politico-ն՝ հղում կատարելով քննարկումներին ծանոթ հինգ աղբյուրների։

Պարբերականի զրուցակիցների տվյալներով՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը կողմ է պատժամիջոցների վերացմանը, դեմ են պետդեպարտամենտը եւ էներգետիկայի նախարարությունը։

«Հյուսիսային հոսք 2»-ի վերագործարկումը, որի միջոցով Ռուսաստանը կարող է գազ ուղարկել Եվրոպա, նշել է Politico-ն, զգալիորեն կմեծացնի ռուսական բյուջեի եկամուտները։ Սակայն պարզ չէ, թե արդյոք եվրոպական երկրները, որոնք փորձում են նվազեցնել իրենց կախվածությունը ռուսական էներգակիրներից, պատրաստ են վերսկսել գնումները։ Ամեն դեպքում, պարբերականը կարծում է, որ պատժամիջոցների չեղարկումը դիվանագիտական ​​հաղթանակ կլիներ Ռուսաստանի համար։

«Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ պատժամիջոցների վերացման գաղափարը չի պաշտպանվել պետդեպարտամենտի եւ էներգետիկայի նախարարության կողմից։ Ռուսաստանից մատակարարումների դադարեցումից հետո եվրոպական երկրներըԱՄՆ-ից գնում են հեղուկացված բնական գազ (ՀԲԳ), հիշեցրել է պարբերականը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքում է պատժամիջոցների վերացման մասին որեւէ քննարկում։ Նրա հրապարակած հայտարարությունում, որին իբր միացել է Ուիթքոֆը, ասվում է. «Դա սուտ է։ Մեզանից ոչ ոք ոչ մի խոսակցություն չի ունեցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակում։ Սա պարզապես միանգամայն մտացածին եւ անպատասխանատու զեկույց է Politico-ից՝ «հինգ կարգգ ունեցող» պարբերականից։ Եթե ​​նրանք լրագրողական բարեխղճություն ունենան, ամբողջությամբ կհերքեն այս հերյուրանքը»։

Մարտին Bild-ը եւ Financial Times-ը գրել էին, որ ամերիկյան ներդրողների մասնակցությամբ «Հյուսիսային հոսք 2»-ի վերագործարկման շուրջ քննարկումներ են ընթանում։

Դոնալդ Թրամփը իր առաջին նախագահական ժամկետում քննադատել էր Գերմանիայի կառավարությանը՝ Ռուսաստանի հետ համատեղ «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցման համար։