Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ցանկանում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր մեջ մարտիկ տեսնի՝ պաշտպանության նախարարի շուրջ պտտվող բացասական պատմությունների ֆոնին, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյայի։

Նրանց վկայությամբ, Հեգսեթն ավելի մեծ ուշադրություն է հատկացնում հրապարակային ելույթներին և հեռուստատեսային ելույթներին, այդ թվում՝ իր նախկին Fox News ալիքով, որտեղ կարող է անմիջապես խոսել նախագահի հետ։

Վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը Հեգսեթին ասել է, որ   հավանություն չի տալիս Եմենում ավիահարվածների մասին նրա հաղորդագրությանը Signal չաթի խմբում, որի մեջ եղել են Հեգսեթի կինը, եղբայրը և անձնական փաստաբանը՝ պաշտպանության նախարարի այս քայլն երեխայություն անվանելով։ Սակայն զրույցն ավարտվել է նրանով, որ Թրամփը խորհուրդ է տվել Հեգսեթին շարունակել պայքարը։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, Հեգսեթի վարքագիծը դառնում է «անկանխատեսելի», և նա, ավելի ու ավելի «անվստահ» է թվում իր աշխատանքում և վարչակազմում ունեցած իր դիրքում։

Հեգսեթի հետ աշխատող պաշտոնյաները նրան նկարագրում են որպես դժվար և կոպիտ անձնավորություն և ասում են, որ նա հայհոյում ու գոռում է աշխատակիցների վրա։ Նրանք պատմել են լարված մթնոլորտի մասին, որում Հեգսեթի ավագ աշխատակիցների շրջանում կռիվներ են տեղի ունեցել։

Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության մի քանի ներկայացուցիչների, Հեգսեթն անցյալ ամիս կատաղության մեջ էր այն տեղեկատվության արտահոսքից, որ ինքը հավանություն է տվել Չինաստանի վերաբերյալ Իլոն Մասկի համար ռազմական ճեպազրույցին։ Երբ պաշտոնյաները տեղեկացել են, որ «Նյու Յորք Թայմս»-ը պատրաստվում է հոդված հրապարակել այդ հանդիպման մասին, Հեգսեթը «գոռացել է ծովակալի վրա»։

Միաժամանակ, Հեգսեթի աշխատակիցների թիվը զգալիորեն կրճատվել է։

Անցյալ շաբաթ երեք պաշտոնյաների՝ Հեգսեթի ավագ խորհրդական Դեն Քոլդուելին, Հեգսեթի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դերին Սելնիկին և պաշտպանության նախարարի տեղակալի աշխատակազմի ղեկավար Քոլին Քերոլին, տեղեկացրել էր, որ նրանք առնչություն ունեն արտահոսքի հետաքննությանը, ուղարկել են վարչական արձակուրդի և դուրս հանել Պենտագոնից։

Նրանց չեն տրամադրվել առաջադրված մեղադրանքների մանրամասները, սակայն բոլորն էլ աշխատանքից ազատվել են անցյալ ուրբաթ։