ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու առաջարկ է ներկայացվել Ներկայացուցիչների պալատ։ Այս մասին Х սոցցանցում հայտնել է Միչիգան նահանգից կոնգրեսական Շրի Թանեդարը։

«Ես նախագահ Թրամփի իմփիչմենթի հոդվածներ եմ ներկայացրել: Երբ Թրամփը անտեսում է Սահմանադրությունը, Կոնգրեսը եւ դատարանները, նա չի պայքարում Ամերիկայի համար: Նա ոչնչացնում է այն եւ վտանգում մեր ժողովրդավարությունը»,- գրել է կոնգրեսականը:

Թանեդարը հայտնել է, որ իմփիչմենթի յոթ հոդված է ներկայացրել՝ Թրամփին մեղադրելով մի շարք լուրջ խախտումների մեջ։

Նրա դեմ առաջադրված մեղադրանքների թվում է Քիլմար Աբրեգո Գարսիայի արտաքսումը, որը, Թանեդարի խոսքով, սխալմամբ ուղարկվել է Սալվադոր:

Կոնգրեսականը նաեւ մեղադրում է Թրամփին կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) միջոցով՝ առանց Կոնգրեսի հավանության, ապօրինի կերպով բյուջետային ծախսերը կրճատելու մեջ առանձին պետական ​​մարմինների համար։

Իմփիչմենթի հայտարարման համար այլ հիմքերի թվում Թանեդարը նշել է Թրամփի ագրեսիվ մաքսային քաղաքականությունը, որը վնաս է հասցրել միջազգային տնտեսությանը, ԶԼՄ-ների ճնշումը, ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխության խախտումը (ազատ խոսքի երաշխիք), կաշառակերությունը, միջամտությունը դատարանների աշխատանքին եւ քաղաքացիների անձնական տվյալների անօրինական հավաքագրումը։

«Յոթերորդ հոդված՝ իշխանության չարաշահում: Թրամփը փորձում է կենտրոնացնել անսահմանափակ իշխանությունը եւ քանդել նախագահության սահմանադրական սահմանները: Մեր երկրում մենք ունենք նախագահներ, ոչ թե թագավորներ: Սա պարզապես զանցանք չէ, սա իմփիչմենթի տակ ընկնող հանցագործություն է»,- ընդգծել է Թանեդարը: