Պեկինը մտադիր է պայքարել մինչեւ վերջ, եթե Վաշինգտոնը որոշի շարունակել մաքսատուրքերի պատերազմը։ Այս մասին Ռիո դե Ժանեյրոյում, ԲՐԻԿՍ նախարարական ընդլայնված նիստում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։
«Չինաստանի պատասխանն առեւտրային պատերազմին պարզ եւ վճռական է. եթե դուք պայքար եք ուզում, մենք կպայքարենք մինչեւ վերջ, եթե պատրաստ եք երկխոսության, մենք պետք է հարգենք միմյանց հավասարը հավասարի պես»,- Վան Իի խոսքը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ-ն իր կայքում։ Ինչպես նշել է նախարարը, «Չինաստանը պաշտպանում է ոչ միայն իր ազգային արժանապատվությունը, այլեւ աշխարհի պայծառ ապագան»։
ԲՐԻԿՍ-ը պետք է շարունակի պահպանել միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը, բազմակողմ առեւտրային համակարգը եւ կառուցել գլոբալ կառավարման ավելի արդար համակարգ, նշել է արտգործնախարարը։ «Գլխավոր հարցն այն է, թե արդյոք մենք ընդունում ենք միաբեւեռ գերիշխանությունը, որը գերիշխում է աշխարհում, թե կողմնակից ենք հավասար եւ կանոնավոր բազմաբեւեռ աշխարհին»,- ասել է նա: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սկսել է «թափահարել սակագնային մահակն ամբողջ աշխարհում», միջազգային հանրությունը պետք է որոշի՝ արդյո՞ք պատրաստ է «վերադառնալ ջունգլիներ, որտեղ ուժեղն ուտում է թույլերին»,- ավելացրել է նախարարը:





























