Ամանորի գիշերը՝  դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը, Երեւանի Շտապօգնության ծառայությունը սպասարկել է 680 կանչ:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ հավելելով, որ նախորդ Ամանորին կանչերի թիվը 604 էր: Այս տարի եւս, Թագուհի Ստեփանյանի խոսքով, կանչերը հիմնականում կապված էին սրտային հիվանդությունների, ճնշման տատանումների հետ, փոխարենը՝ այդ գիշեր սննդային թունավորումների հետ կապված կանչեր չեն գրանցվել:

«Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ հունվարի 1-ի-հունվարի 2-ի գիշերը Երեւանում գրանցվել է 725 կանչ, ինչը սարսափելի շատ է: Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ նախորդ տարի այդ օրերին կանչերը թիվը մոտ 600 էր: Ի դեպ, գրանցված 725 կանչերից 31-ը կապված է խմածության, ալկոհոլային թունավորումների, 19-ը՝ սննդային թունավորումների, 2-ը՝ վթարների հետ, իսկ մնացածը՝  սրտային հիվանդություններ, ճնշման տատանումներ եւ այլն: