ՍԱՏՄ պետ Արմեն Դանիելյանի աղմկահարույց պաշտոնանկությունից հետո քննարկվում է նրան այդ պաշտոնում փոխարինողի հարցը:

Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հիմնական թեկնածուն ՍԱՏՄ պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանն է, ով վայելում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահությունն ու աջակցությունը:

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին NEWS.am-ը գրել էր, որ Կառավարությանն առնթեր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակված Տիգրան Պետրոսյանը Փաշինյանի մերձավոր շրջապատից է:

Նախքան այս պաշտոնին նշանակվելը Պետրոսյանը հանդիսացել է ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված շենքերի և այլ գույքի սպասարկումն իրականացնող «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրենը:  Իսկ 2020 - 2021թթ. եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի (ներկայում՝ «Կառավարական առանձնատների տնտեսություն») տնօրենի տեղակալը:

Մասնագիտությամբ տնտեսագետ և աշխարհագրագետ Տիգրան Պետրոսյանն իր կարիերան սկսել է Ազգային անվտանգության ծառայությունից, իսկ նախքան կառավարական ամառանոցները ղեկավարելը, հանիդիսացել է միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ի տնօրենը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 30-ի որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արմեն Դանիելյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ ՍԱՏՄ համակարգում առկա լուրջ դժգոհությունները, որոնց մասին պարբերաբար զեկուցվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ստիպել են Արմեն Դանիելյանին, որպեսզի ազատման դիմում գրի:

Մեզ հայտնի էր դարձել, որ դեռևս տարեսկզբին Դանիելյանը Տեսչական մարմնում կառուցվածքային կտրուկ փոփոխություններ է նախաձեռնել՝ առաջարկելով լուծարել մի քանի մարզային բաժիններ, օպտիմալացնել լաբորատորիաներ և այլն, սակայն ՍԱՏՄ-ում Դանիելյանի «բարեփոխումները» հավանության չեն արժանացել: