Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո թուրքական իշխանությունների օրակարգում է Անկարա կանչված Թուրքիայի դեսպանի հետ վերադարձը Փարիզ:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` թուրքական իշխանությունները որոշել են Փարիզում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուին մինչեւ հունվարի 10-ը հետ ուղարկել Փարիզ, եթե վերջնական որոշում կայացվի: Դեսպանը եւս հաստատել է այս լուրը` շեշտելով, որ որոշ հանդիպումների համար ինքը կարող է հետ վերադառնալ Փարիզ:
Նշվում է, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 10-ից մինչեւ փետրվարի 22-ը բաց է լինելու, եւ դեսպանը աշխատանքներ կտանի Ազգային ժողովում ընդունված հայկական բանաձեւը Սենատի նիստում չներառելու ուղղությամբ:
Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ի նիստում ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Օրինագծի ընդունումից հետո Թուրքիան Փարիզից հետ կանչեց իր դեսպանին եւ հայտարարեց Ֆրանսիայի դեմ 8 կետանոց պատժամիջոցներ կիրառելու մասին:




























