Դոնալդ Թրամփի կոչերը Մերձավոր Արևելքի երկրներին ավելացնել նավթի արտադրությունը և իջեցնել գները, կարծես թե, լսելի են դարձել։
ՕՊԵԿ+ -ը, որը ներառում է 23 նավթ արտահանող երկիր, շաբաթ օրը կայացած առցանց հանդիպման ժամանակ որոշել է կտրուկ ավելացնել արդունահանման քվոտաները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպության հաղորդագրությանը։
Հունիսից ի վեր երկրորդ ամիսն անընդմեջ, ՕՊԵԿ+ ութ երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը և Իրաքը, շուկային կավելացնեն օրական 411,000 բարել նոր մատակարարում։
Սա երեք անգամ ավելի է, քան կազմակերպության սկզբնական ծրագիրը, որը նախատեսում էր 2022 թվականին ներդրված արտադրության սահմանափակումների վերացում և քվոտաների ամսական օրական 135,000 բարելով ավելացում։ Այսպիսով, մայիս-հունիս ամիսներին ՕՊԵԿ+-ը կավելացնի արդյունահանումն օրական 822 հազար բարելով՝ ռեկորդային ցուցանիշ 2020 թվականից ի վեր, երբ կարտելը շուկա վերադարձրեց համավարակի ճգնաժամի ժամանակ դուրս բերված ծավալները։
Ավելի շատ նավթ արդյունահանելու որոշումը առաջ է մղել Սաուդյան Արաբիան՝ ՕՊԵԿ+-ի փաստացի առաջնորդը, Reuters-ին հայտնել են աղբյուրները։ Նրանք ասում են, որ սաուդցիները դժգոհ են որոշ երկրների, ինչպիսիք են Ղազախստանը և Իրաքը, կողմից քվոտաների քրոնիկ խախտումներից և ցանկանում են պատժել նրանց։ Ռիադը գործընկերներին և նավթարդյունաբերության պաշտոնյաներին ասել է, որ այլևս չի ցանկանում արհեստականորեն սահմանափակելով արտադրությունը՝ աջակցել գների բարձրացմանը, Reuters-ին հայտնել են աղբյուրները։
Սաուդյան Արաբիայի ծրագրի համաձայն՝ ՕՊԵԿ+-ը մինչև նոյեմբեր օրական արտադրությունը կավելացնի 2.2 միլիոն բարելով։ Սակայն շուկան պարզապես այս պահին այդ ծավալը կլանելու վիճակում չէ, նշում է ICIS-ի նավթային վերլուծության տնօրեն Աջայ Պարմարը. «Պահանջարկի աճը թույլ է, հատկապես վերջերս (Թրամփի վարչակազմի կողմից) մաքսատուրքերի սահմանումից հետո»։
Տարվա վերջին նավթի մատակարարման ավելցուկը կկազմի օրական 1,5 միլիոն բարել, գնահատում է ING-ի վերլուծաբան Ուորեն Փաթերսոնը։ Ըստ երևույթին, նա ենթադրում է, որ շուկայում սկսվում է «գնային պատերազմ»։
Եվ սա նոր խնդիրներ է խոստանում Ռուսաստանի բյուջեի համար, որը սկզբնապես կազմվել էր այն սպասումով, որ այս տարի նավթի մեկ բարելը կարժենա 70 դոլար։ Իրականում, ըստ Արգուսի, մարտի վերջին Ուրալս տեսակի գինը նվազել էր մինչև 58 դոլար, իսկ ապրիլին՝ մինչև 54 դոլար։ Արդյունքում, գանձարանի նավթի և գազի եկամուտները նվազել են գրեթե 20%-ով, իսկ մայիսին Ֆինանսների նախարարությունը զգուշացրել է, որ տարեվերջին դրանց ծավալը 2,6 տրիլիոն ռուբլով ցածր կլինի պլանից։ Բյուջեի դեֆիցիտը, ըստ գերատեսչության հաշվարկների, կլինի ռեկորդային համավարակից ի վեր՝ 3.8 տրիլիոն՝ նախատեսված 1.2 տրիլիոնի փոխարեն։
Տարվա սկզբից ի վեր Brent տեսակի նավթի գինը արդեն իսկ նվազել է 24%-ով, իսկ երկուշաբթի՝ մայիսի 5-ին, գնանշումները թարմացրել են իրենց 4-ամյա նվազագույն մակարդակը՝ մեկ բարելի համար 58,5 դոլար։ Պատերսոնը նշում է, որ ՕՊԵԿ+-ի որոշումն անորոշություն է ավելացնում նավթի շուկային։
Սաուդյան Արաբիան արտադրությունը կտրուկ ավելացնելու որոշում կայացրեց Թրամփի այցի նախօրեին, որը նախատեսված է մայիսի կեսերին։ Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմը մտադիր է Էր Ռիադին առաջարկել ընդլայնել ռազմական համագործակցությունը և գնել 100 միլիարդ դոլարի զենք։





























