ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցնցել է աշխարհը՝ հինգշաբթի գովեստի խոսքեր ասելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասին, հաղորդում է Politico-ն։

«Նա այնքան ֆանտաստիկ կին է»,- երկու անգամ ասել է ԱՄՆ նախագահը Եվրահանձնաժողովի ղեկավարի մասին՝ Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում։ «Հուսով եմ՝ կրկին կհանդիպենք»,- հավելել է Թրամփը։

Նա նշել է, որ իր վարչակազմի՝ դաշինքի դեմ 20 տոկոս պատասխան մաքսատուրքեր սահմանելուց հետո ԵՄ-ն «շատ է ցանկանում» առևտրային համաձայնագրի հասնել։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԵՄ-ն ստեղծվել է Միացյալ Նահանգներին «խաբելու» համար։

ԵՄ մաքսատուրքերը հետաձգվել են մինչև հուլիս, ինչը դաշինքին հնարավորություն է տալիս կնքելու համաձայնագիր, որը նման է Մեծ Բրիտանիայի՝ հինգշաբթի հայտարարած համաձայնագրին։

ԵՄ-ի համար ուժի մեջ են մնում հիմնական 10 տոկոս մաքսատուրքերը, ինչպես նաև՝ 25 տոկոս մաքսատուրքերը ավտոմեքենաների, պողպատի և ալյումինի համար։ Եվրոպական հանձնաժողովը մոտ 100 միլիարդ եվրոյի ներմուծման նկատմամբ կիրառվող պատասխան միջոցառումների նոր ցանկ է հրապարակել։

Թրամփը և ֆոն դեր Լայենն արդեն մեկ անգամ հանդիպել են՝ ապրիլի 26-ին՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ, որտեղ նրանք զրուցել են և միմյանց  ձեռք սեղմել։