ԱՄՆ եւ Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները շաբաթ օրը Ժնեւում կհանդիպեն՝ փորձելով թուլացնել առեւտրային պատերազմը, որը բռնկվել է այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հսկայական մաքսատուրքեր է սահմանել, իսկ Պեկինը խստացրել է պատասխան միջոցները, հաղորդել է AFP-ն:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսնթն ու ԱՄՆ առեւտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը շվեյցարական քաղաքում կհանդիպեն Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենի հետ՝ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ առաջին նման բանակցություններում այն բանից հետո, երբ Թրամփը անցյալ ամիս Չինաստանի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանել:
Հանգստյան օրերին անցկացվելիք բանակցությունների ստույգ վայրը մնում է գաղտնի։
Տարեսկզբից ասիական արդյունաբերական հսկայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը այժմ կազմում են 145 տոկոս, իսկ որոշ ապրանքների կուտակային մաքսատուրքերը հասնում են ցնցող՝ 245 տոկոսի:
Ի պատասխան՝ Չինաստանը 125 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների վրա՝ փաստացիորեն ամրացնելով առեւտրային էմբարգոն աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ։
Թրամփը ուրբաթ հասկացրել է, որ կարող է նվազեցնել չինական ապրանքների բարձր մաքսատուրքերը՝ գրելով սոցիալական ցանցերում, որ «Չինաստանի վրա 80 տոկոս մաքսատուրքը ճիշտ է»:
«Նախագահը կցանկանար պայմանավորվել Չինաստանի հետ... Նա կուզենար դեէսկալացնել իրավիճակը,- ուրբաթ երեկոյան ասել է ԱՄՆ առեւտրի նախարար Հովարդ Լյուտնիկը Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։




























