«Արբուն» ապրանքային անունը պետք է փոխվի` միջազգային բրենդինգի գրավչության տեսանկյունից: Այդ մասին նշված է կոնյակագործության զարգացման ոլորտային ռազմավարության փաստաթղթում: Հիշեցնենք, որ կոնյակագործությունն այն 3 ոլորտներից մեկն է, որտեղ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում առաջիկա 10 տարում կիրականացվեն զարգացման ծրագրեր:
«Արբուն» ապրանքային անունը շրջանառության մեջ է դրվել 2010 թ. մայիսի 20-ի կառավարության որոշմամբ: Այս ապրանքային անունը ներառում է այն խմիչքները (բրենդիները), որոնք մասամբ կամ լրիվ պատրաստվում են ներմուծված սպիրտով: Սրանով արբունը տարբերվում է հայկական կոնյակից, քանի որ այն կարող է պատրաստվել բացառապես Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում աճեցված խաղողից, որը հնեցվում է առնվազն 36 ամիս:
Նշենք, որ «արբուն» բառը նշանակում է «արբեցնող» կամ «տոգորող»:
«Արբուն» տերմինի գործածությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նեղանում են այն շուկաները, ուր Հայաստանը կարող է կոնյակ արտահանել «հայկական կոնյակ» անվամբ: Լիսաբոնում կնքված Ծագման տեղանունների պահպանության եւ դրանց միջազգային գրանցման մասին միջազգային համաձայնագրով, որին միացել է նաեւ Հայաստանը, ինչպես նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության Մտավոր սեփականության իրավունքների առեւտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրով՝ արգելվում է «կոնյակ» անվանումով խմիչքների շրջանառությունը համաձայնագրի անդամ երկրներում:
«Կոնյակ» անվանումը, միջազգային իրավունքով, բացառապես Ֆրանսիայի սեփականությունն է: Սպասվում է, որ Ռուսաստանը 2013 թ. կանդամագրվի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, հետեւաբար` այդ շուկա հնարավոր չի լինի արտահանել «հայկական կոնյակ» անվանումով խմիչք: Իսկ Ռուսաստան արտահանվում է հայկական կոնյակի մոտ 80 %-ը: Ենթադրաբար` կոնյակը Հայաստանից կարտահանվի «հայկական բրենդի» անվամբ: Որպեսզի «հայկական բրենդին» չշփոթվի մյուս բրենդիների հետ, վերջիններիս համար ստեղծվել է «արբուն» անունը: Սակայն կառավարությունը ցանկանում է զարկ տալ նաեւ արբունի արտահանմանը, այդ պատճառով էլ համարվում է, որ անունը գրավիչ չէ միջազգային շուկա դուրս գալու համար:
Սամվել Ավագյան




























