Հոլիվուդյան հայտնի դերասաններ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, ԶԼՄ ներկայացուցիչներ են հավաքվել «Հայաստանի տանը»` Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության  նոր գրասենյակում` մասնակցելու ամանորյա ընդունելությանը եւ պարգեւատրման անակնկալ արարողությանը, գրում է «Asbarez»-ը:

Հայաստանի գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանն իր ելույթում  շնորհակալություն է հայտնել կինոյի ամերիկահայ գործիչներին` աշխարհի ստեղծագործական մայրաքաղաքում Հայաստանն ու հայկական տաղանդը ներկայացնելու գործում ունեցած ավանդի համար: «Արփի» միջազգային կինոփառատոնի տնօրեն Ալեքս Կալոգնոմոսը ներկայացրել է 2011թ. արդյունքները. տարին հարուստ է եղել նշանակալի ծրագրերով ինչպես Հոլիվուդում, այնպես էլ Հայաստանում:

Միջոցառման ժամանակ ՀՀ մշակությի նախարարության Ոսկե մեդալ է շնորհվել  կինոյի, երաժշտության եւ արվեստի «Արփի»  հիմնադրամի եւ միջազգային «Արփի» կինոփառատոնի հիմնադիր Սիլվա Մինասյանին:

Մինասյանը հիմնադրամն ստեղծել  է 1995 թ-ին` Լոս Անջելեսում գեղարվեստական մթնոլորտի զարգացման եւ արվեստի միջոցով տարբեր մարդկանց եւ մշակույթներ մավորելու վայր հիմնադրելու նպատակով: 1997թ-ից  փառատոնը դրամաշնորհներ եւ պարգեւներ է տրամադրել ավելի քան 100 արտիստի եւ դերասանի: