Արևելաեվրոպական նեոնացիստական խմբավորման պարագլուխը Մոլդովայից արտահանձնվել է ԱՄՆ՝ անցյալ ամռանը նրա ձերբակալությունից հետո, քանի որ նա, ենթադրաբար, հանձնարարել է գաղտնի գործող դաշնային գործակալին ձևանալ Սանտա Կլաուս և թունավորված կոնֆետներ բաժանել հրեա երեխաներին ու ռասայական փոքրամասնությունների ներկայացուցիչներին, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով դատախազությանը։

Վրաստանի Հանրապետության 21-ամյա բնակիչ Միխայիլ Չխիկվիշվիլիին ուրբաթ օրը Բրուքլինում մեղադրանք է առաջադրվել բազմաթիվ քրեական հանցագործությունների, այդ թվում՝ ատելության հողի վրա հանցագործությունների և զանգվածային բռնության ակտերի դրդելու համար։

Նա իրեն մեղավոր չի ճանաչել փաստաբան Սեմյուել Գրեգորիի միջոցով, որը պահանջել է, որ իր պաշտպանյալն անցնի հոգեբուժական փորձաքննություն և հսկողության տակ լինի կալանքի տակ գտնվելու ընթացքում ինքնասպանության փորձի պատճառով։

Դատախազները Չխիկվիշվիլիին, որը հայտնի է նաև որպես «մսագործ հրամանատար», նկարագրել են որպես «Մոլագար մարդասպանների աղանդ» միջազգային ծայրահեղական խմբավորման պարագլուխ, որը հավատարիմ է «նեոնացիստական աքսելերացիոնիստական գաղափարախոսությանը և քարոզում է բռնություն ու բռնի գործողություններ ռասայական փոքրամասնությունների, հրեական համայնքի և այլ խմբերի դեմ, որոնց նա համարում է «անցանկալի»»։

Նրանք հայտարարել են, որ խմբավորման բռնի կոչերը, որոնք տարածվում են Telegram-ալիքներով և շարադրված են «Ատելության ձեռնարկ» վերնագրով մանիֆեստում, ըստ երևույթին, ոգեշնչել են իրական կյանքում բազմաթիվ սպանությունների, այդ թվում՝ այս տարվա սկզբին Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը, որի հետևանքով զոհվել է 16-ամյա աշակերտ։

Ըստ դատական փաստաթղթերի՝ 2022 թվականից Չխիկվիշվիլին բազմիցս մեկնել է Բրուքլին, որտեղ պարծեցել է տարեց հրեայի ծեծի ենթարկելով և ուրիշներին, հիմնականում տեքստային հաղորդագրությունների միջոցով, հրահանգել է բռնի գործողություններ կատարել «Մոլագար մարդասպանների աղանդի» անունից։