Շվեդիայի Լունդի համալսարանի հնագիտության դոկտորանտ, շվեդ հնագետ Գրիր Ջարեթը վիկինգների նավակի կրկնօրինակով անցել է 5000 կմ, ինչը նրան օգնել է Նորվեգիայի ափին հայտնաբերել չորս նախկինում անհայտ նավահանգիստ, որոնք վիկինգներն օգտագործել են ավելի քան 1000 տարի առաջ։

Այս տեղեկատվության, Նորվեգիայի ափերի քարտեզի և վիկինգների դարաշրջանի ծովի մակարդակի օգնությամբ Ջարեթը հայտնաբերել է չորս նավահանգիստ կամ «ապաստարան», որոնք գտնվում են փոքր կղզիներում և հրվանդաններում։ Իր եզրակացությունները նա հրապարակել է Journal of Archaeological Method and Theory ամսագրում։

Նոր հայտնաբերված չորս նավահանգիստները վկայում են այն մասին, որ վիկինգները հիմնվել են կղզիներում և հրվանդաններում գտնվող պաշտպանված և դյուրամատչելի նավահանգիստների վրա, ինչը ընդլայնում է փորձագետների գիտելիքները վիկինգների դարաշրջանի ծովագնացության մասին, որոնք նախկինում ներկայացված էին միայն խոշոր նավահանգիստներով, ինչպիսիք են Դուբլինը և Ռիբեն (Դանիա), գրում է Ջարեթն իր հետազոտության մեջ։

Փորձարարական ճանապարհորդությունը ցույց է տվել, որ նավակը լավագույնս նավարկում է բաց ջրերում, ինչը վկայում է այն մասին, որ վիկինգների ծովային առևտրային ուղիներն անցել են ցամաքից ավելի հեռու, քան նախկինում ենթադրվում էր։

Երեք տարվա ընթացքում Ջարեթը նավարկել է «ֆարինգ» անունով նավակով՝ թիերով առագաստանավով, որը նման է այն նավակին, որն օգտագործել են վիկինգները հազարամյակ առաջ, վիկինգների առևտրային ուղիներն ուսումնասիրելու համար։ Փոքր թիմով Ջարեթը Կենտրոնական Նորվեգիայի Թրոնհեյմ քաղաքից ափի երկայնքով ուղևորվել է դեպի Հյուսիսային բևեռային շրջան, իսկ հետո վերադարձել է։

Նա նաև հարցումներ է անցկացրել նորվեգացի նավաստիների և ձկնորսների շրջանում՝ պատմական ծովային երթուղիների մասին ավելին իմանալու համար, և օգտագործելով այս տեղեկատվությունն ու սեփական փորձը, վերականգնել է վիկինգների նավարկության հնարավոր երթուղիները։