Բելգիական գեղատեսիլ Բրյուգե քաղաքը զբոսաշրջիկներին խնդրել է դադարեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված իր միջնադարյան փողոցներից գետաքարերը գողանալը, հայտնում է CNN-ը։
Ըստ տեղի քաղաքական գործիչ Ֆրանկի Դեմոնի, ամսական մոտավորապես 50-70 սալաքար է անհետանում, իսկ զբոսաշրջային թեժ սեզոնին՝ էլ ավելի շատ, և դրանց փոխարինումն ու վնասների վերացումն արժենում է 200 եվրո մեկ քառակուսի մետրի համար։
«Թեև ոմանք կարող են դա անվնաս կամ տարօրինակ համարել, սակայն հետևանքները լուրջ են, - CNN-ին տված հարցազրույցում ասել է Դեմոնը։ - Գետաքարերի հանումը բացահայտ վտանգ է ներկայացնում ինչպես բնակիչների, այնպես էլ այցելուների անվտանգության համար։ Բացակայող կամ թուլացած քարերը սայթաքելու վտանգ են ստեղծում, և քաղաքային աշխատողները ստիպված են հաճախակի վերանորոգումներ կատարել»։
Ըստ Դեմոնի, մի «մեղավոր» նույնիսկ ժամանակ է գտել բացակայող քարը տնկված ծաղկով փոխարինելու համար։ «Տարօրինակ ժեստ է, բայց այն ընդգծում է մեր ընդհանուր ժառանգության նկատմամբ հարգանքի բացակայությունը», - ասել է նա։
«Մենք պարզապես հարգանք ենք խնդրում։ Բրյուգեով քայլել նշանակում է դարերի պատմության միջով անցնել։ Այս գետաքարերը պարզապես քարի կտորներ չեն, դրանք մեր քաղաքի հոգու մի մասն են։ Մենք այցելուներին հորդորում ենք վայելել Բրյուգեն, բայց նրա գեղեցկությունն անձեռնմխելի թողնել ուրիշների համար», - նշել է պաշտոնյան։
Վենետիկի, Բարսելոնայի և եվրոպական այլ պատմական քաղաքների նման, Բրյուգեն փորձում է հաղթահարել գերզբոսաշրջությունը։
2019 թվականին քաղաքը քվեարկել է մոտակա Զեբրյուգե նավահանգստում խարսխվելու թույլտվություն ունեցող կրուիզային նավերի թիվը կրճատելու օգտին և դադարեցրել է հարևան քաղաքներում, ինչպիսին Փարիզն է, զբոսաշրջության խթանման արշավները՝ մեկօրյա այցելուներին հետ պահելու համար։