«ՀայՌուսգազարդ» ընկերության համար 2011 թվականն առանձնացել է «Հրազդան 5»-ի շինարարարության եւ արդիականացման ծրագրի ավարտով: Այս մասին նշել է ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, այսօր` հունվարի 10-ին հրավիրված ընդլայնված խորհրդակցության ընթացքում:
2011 թվականի դեկտեմբերի վերջին «Հրազդան-5»-ում իրականացվել է կայանի էներգաբլոկի համալիր փորձարկում, որի ընթացքում բոլոր սարքավորումները 72 ժ անընդհատ աշխատել են բեռնվածության տակ: Ներկայումս կայանը գտնվում է փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում, իսկ հունվարի 15-ից կներգրավվի ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացում:
Գնահատելով անցած տարին, Վարդան Հարությունյանը դրական է գնահատել Ընկերության կողմից իրականացված ծրագրերը ու արձանագրած ցուցանիշները` ընդգծելով դրական տեղաշարժերը մասնավորապես ցանցի շահագործման, կորուստների նվազեցման, անվտանգության ապահովման ուղղություններով: Շեշտելով, որ 2012 թվականին ծրագրերը պետք է շարունակել ավելի բարձր արդյունավետությամբ, Վ. Հարությունյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն հատկացնել մատուցվող ծառայությունների որակին եւ կառավարման համակարգի բարելավման գործընթացներին:
Միաժամանակ Ընկերության ստորաբաժանումներին հանձնարարվել է ամփոփել եւ պատրաստել 2011թ. հաշվետվությունները, ինչպես նաեւ ներկայացնել 2012 թվականի համալիր ծրագրերն ու ֆինանսական կանխատեսումները:



























