Չինական ավիաընկերությունները քննարկում են եվրոպական Airbus արտադրողին խոշոր պատվեր կատարելու եւ մինչեւ 500 ինքնաթիռ գնելու հնարավորությունը, հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Ապագա համաձայնագրի մասին կարող է հայտարարվել հուլիսին, երբ ԵՄ եւ անդամ պետությունների ղեկավարները, ինչպես սպասվում է, կայցելեն Պեկին՝ նշելու Չինաստանի եւ եվրոպական տնտեսական բլոկի միջեւ դիվանագիտական​​հարաբերությունների հաստատման 50-ամյակը։

Հնարավոր գործարքի մանրամասները դեռեւս քննարկվում են: Գործակալության աղբյուրների համաձայն՝ չինական ավիափոխադրողները կարող են ձեռք բերել 200-500 ինքնաթիռ՝ լայն եւ նեղ կորպուսով: Սա կարող է դառնալ Չինաստանի համար ամենամեծ ավիացիոն գործարքը եւ հնարավոր է՝ ռեկորդային լինել աշխարհում:

Գործակալության զրուցակիցները բանակցությունների ընթացքը բնութագրել են որպես «փոփոխական» եւ զգուշացրել են, որ դրանք կարող են ձախողվել կամ երկար տեւել: Գործակալությունը չի կարողացել մեկնաբանություններ ստանալ Airbus-ից եւ Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունից՝ հնարավոր գործարքի վերաբերյալ:

Bloomberg-ի տեղեկությունը՝ չինական ավիափոխադրողների կողմից Airbus ինքնաթիռների մեծ խմբաքանակի հնարավոր գնման մասին, հրապարակվել է երկու ամիս անց այն բանից հետո, երբ չինական իշխանությունները, ըստ լուրերի, ավիաընկերություններին հրահանգել են դադարեցնել ինքնաթիռներ գնել ամերիկյան արտադրողներից։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային վեճի սրման ֆոնին՝ Վաշինգտոնի կողմից սահմանված մաքսատուրքերի պատճառով։ Ամերիկյան Boeing արտադրողի գործադիր տնօրեն Քելի Օրտբերգը հաստատել է ապրիլի վերջին Չինաստան մատակարարումների ավարտը, բայց արդեն մայիսի կեսին, ամերիկա-չինական առեւտրային վեճի լիցքաթափման ֆոնին, Bloomberg գործակալությունը նշել է, որ Չինաստանի իշխանությունները հանել են ավելի վաղ մտցված արգելքը։