2024թ. Հայաստանի կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվել է համեմատաբար մեղմ արտաբյուջետային սահմանափակումների պայմաններում, քանի որ պետական ​​պարտքի եւ ՀՆԱ հարաբերակցությունը մնացել է 50 տոկոսի շեմից ցածր։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, «Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հունիսի 4-ին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Այս պայմաններում, ինչպես նշել է նախարարը, կապիտալ ծախսերը գերազանցել են պետական ​​բյուջեի դեֆիցիտը 181.7 միլիարդ դրամով։ «Հարկային եկամուտների եւ ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23.6 տոկոս, ինչը նախորդ տարվա համեմատ աննշան նվազում է»,- ասել է Հովհաննիսյանը։

Սա, նրա խոսքով, պայմանավորված է տնտեսության կառուցվածքային տեղաշարժերով, ներքին սպառմանն ուղղված ներմուծման մասնաբաժնի նվազմամբ եւ արտահանման մասնաբաժնի աճով։ «Կապիտալ ծախսերի մակարդակը կազմել է ՀՆԱ 5.5 տոկոսը։ Սա, իր հերթին, ապահովել է հիմնական ենթակառուցվածքային եւ պաշտպանական ծրագրերի լիարժեք ֆինանսավորումը»,- ավելացրել է կառավարության ներկայացուցիչը։

ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով՝ հանրապետության պետական​​բյուջեի 2024թ. վերջին կատարողականը կազմել է 95.8 տոկոս եկամուտների եւ 93.9 տոկոս ծախսերի մասով։ Միաժամանակ, երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի ճշգրտված ցուցանիշները նախատեսել էին ավելի քան 2.72 տրիլիոն դրամի (մոտ 6.9 միլիարդ դոլար) եկամուտներ եւ գրեթե 3.18 տրիլիոն դրամի ծախսեր։

Պետական պարտքը 2024թ. վերջին կազմել է մոտ 5,093 տրլն դրամ (մոտ 12,8 մլրդ դոլար), ինչը համապատասխանում է ՀՆԱ 48,3 տոկոսին։