ԱՄՆ ներմուծվող չինական ալյումինի, պողպատի նկատմամբ Սպիտակ տան սահմանված մաքսատուրքերը ծանր հարված կհասցնեն Միացյալ Նահագներում մանկական ապրանքների ամենատարածված արտադրողներից մեկին՝ Munchkin-ին։ Ընկերությունը ստիպված կլինի բարձրացնել իր արտադրանքի գները և դադարեցնել մի շարք ապրանքների արտադրությունը, հաղորդում է CBS News-ը։

Հեռուստաալիքին տված հարցազրույցում ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Սթիվեն Դանը հայտնել է, որ չորեքշաբթի ուժի մեջ մտած պողպատի և ալյումինի 50% մաքսատուրքերը, ինչպես նաև Չինաստանից ներմուծման ներկայիս 30% մաքսատուրքը կհանգեցնեն ավելի քան 500 ապրանքների գների բարձրացմանը։ Օրինակ, պողպատե բռնակով մանկական հայտնի գդալը կբարձրանա 80%-ով։ Կալիֆոռնիայում գործող մանկական խնամքի Munchkin ապրանքանիշն իր արտադրանքի մեծ մասը արտադրում է Չինաստանում։

Ինչպես նշել է ձեռնարկատերը, բարձր մաքսատուրքերն ազդել են նաև ընկերության մի շարք այլ ապրանքների, մասնավորապես՝ մանկական սայլակների և ջերմաչափերի վրա, որոնցից մի քանիսը կհանվեն արտադրությունից։ Նա պարզաբանել է, որ սակագների ծախսերը սպառողներին փոխանցելը ապրանքները չափազանց թանկ հաճույք կդարձնի մարդկանց համար։ Ըստ Դանի՝ սակագները հարվածել են ինչպես ծնողներին, այնպես էլ երկրի փոքր և միջին բիզնեսներին։ Մաքսատուրքերի բարձրացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հայտարարությունից հետո նրա ընկերության շահույթը նվազել է, և նա ստիպված է եղել «35 տարվա ընթացքում առաջին անգամ» աշխատակիցներ հաստիքների կրճատումների դիմել։

Մայիսի վերջին Թրամփը հայտարարել էր պողպատի ներմուծման մաքսատուրքերը 25%-ից մինչև 50% բարձրացնելու մասին։ Հաղորդվել է նաև, որ մաքսատուրքերի բարձրացումը կազդի նաև ամերիկյան ալյումինի ներմուծման վրա։ Ըստ ԱՄՆ առաջնորդի՝ իր վարչակազմը պողպատի և ալյումինի մաքսատուրքերը 25%-ից կբարձրացնի մինչև 50%՝ սկսած հունիսի 4-ից։