Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունում, հունվարի 10-ին, տեղի է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների եւ հայկական կազմակերպություններին շնորհված պատվորագրերի եւ շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերը հանձնել է Թոփալյան հիմնադրամին, շվեյցարահայ հանրահայտ դիրիժոր Լյուկ Բաղդասարյանին, կոմպոզիտոր Սիրվարդ Ղազանչյանին, պոետ, հայագետ Վահե Գոդելին: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվոգրերը եւ շնորհակալագիրը հանձնվել են Թոփալյան դպրոցի տնօրեն Նեվրիկ Ազադյանին, Ժնեւի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վալենտին Կալզոլարի-Բուվյեին, Թոփալյան դպրոցի ուսուցչուհի Մեդա Խաչատրյանին:
Պարգեւատրման արարողության ընթացքում դեսպան Ազնավուրը շնորհակալություն է հայտնել պարգեւատրվածներին հայ մշակույթի եւ հայակերտման ու հայապահպանման գործում ունեցած նրանց ավանդի համար: Դեսպանը նշել է, որ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ համապատասխան գերատեսչությունների կողմից տրված պատվոգրերը եւ շնորհակալագրերը խորհրդանշական են, եւ անկախ Հայաստանի կայացման գործում համայն հայության, ինչպես նաեւ օտարերկրյա գործիչների անձնվեր գործունեության գնահատանքի արտահայտությունն են:



























