Հայկական արտադրանքից մեր տարածաշրջանում ամենամեծ պահանջարկն ունեն կոնյակը և կոնյակի սպիրտը։ Այս մասին հունիսի 6-ին Երևանում կայացած հայ-ռուսական 10-րդ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Ստավրոպոլի մարզի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը՝ պատասխանելով «Լուրեր Հայաստանից – NEWS.am»-ի թղթակցի հարցին։

Նա հայտնել է, որ անցյալ տարի այս ապրանքատեսակի ներմուծման ծավալը կազմել է 53 միլիոն դոլար։ Նրա խոսքով՝ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը տարվա ընթացքում կրկնապատկվել է և գերազանցել 100 միլիոն դոլարը։

Վլադիմիրովը կոչ է արել ընդլայնել առևտրային համագործակցությունը։ «Մենք կցանկանայինք Հայաստանին մատակարարել ոչ միայն հացահատիկ, այլև պարարտանյութեր, և մենք կցանկանայինք մեր շուկայում տեսնել հայկական արտադրանք, այդ թվում՝ կաթնամթերք, քանի որ մենք այս ոլորտում դեֆիցիտ ունենք», - նշել է նա։

Պաշտոնյան ընդգծել է, որ տարածաշրջանի բնակիչների 10%-ը հայկական սփյուռքի ներկայացուցիչներ են։ Սա ենթադրում է, որ հայերը ապահովում են տարածաշրջանի ՀՆԱ-ի 10%-ը։ Դրանք բժիշկներ, ուսուցիչներ, ձեռնարկատերեր են։ Կավմինվոդիում սննդի մատակարարման 30%-ը ապահովում է հայկական սփյուռքը», - նշեց նահանգապետը։