2011 թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 4.7 տոկոս` նվազագույն ցուցանիշը 2005 թ. հետո: Այդ մասին այսօր` հունվարի 11-ին մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության գների վերահսկողության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Նրա տեղեկացմամբ` պարենային ապրանքների գնաճը գերազանցել է ոչ պարենային ապրանքների գնաճին եւ կազմել 6.1 տոկոս: Ոչ պարենային ապրանքների գները աճել են 4.3 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները` 2.9 տոկոսով:

Առանձին ապրանքային խմբերում արձանագրվել են գնաճի հետեւյալ տեմպերը. շաքարավազ` 35.4 տոկոս, սուրճ, թեյ եւ կակաո` 18.9 տոկոս, մսամթերք` 12.7 տոկոս, հրուշակեղեն` 12.9 տոկոս, կաթնամթերք` 6.8 տոկոս, ձկնամթերք` 1.8 տոկոս, ոգելից խմիչք եւ ծխախոտ` 2.2 տոկոս:

Ըստ Գ. Մարտիրոսյանի` դեկտեմբերի 20-ից հետո որոշ թանկացումներ են նկատվել գյուղմթերքների գծով`լոլիկ, վարունգ, ներմուծված մրգեր, գազար, կանաչեղեն: Ընդ որում` կանաչեղենի թանկացումը, ըստ Գ. Մարտիրոսյանի `«բացառիկ երեւույթ էր»: